2012/09/18

Դինքը Հայոց Ցեղասպանության մասին



   1996 թվականին հիմնելով «Ակօս» թերթը` Հրանտ Դինքը նպատակ ուներ զրույց սկսել ոչ միայն թրքահայության, այլև թուրք հասարակության հետ: Դինքը և նրա հիմնադրած թերթը մեծ հեղինակություն էին ձեռք բերել մասնավորապես Հայոց ցեղասպանությանը վերաբերող հոդվածների շնորհիվ: Դինքը պնդում էր, որ Ցեղասպանությունն ունի քաղաքական ենթատեքստ, և Թուրքիան կարող է անցյալի ծանր բեռը թոթափել, եթե ընդունի իր գործած մեղքը: Դինքի պայքարն ուղղված էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչմանը, այդ պետության ներսում հայ համայնքի իրավունքների պաշտպանությանը, ապա և  համաշխարհային նոր իրողությունների համատեքստում Հայաստան-Թուրքիա պետությունների հարաբերությունների փոփոխությանը, նոր զարգացումներին: Այս առումով հիշատակելի են Հրանտ Դինքի այն խոսքերը, թե՝ «Պատմության գրված էջերը կատարվածի մասին են, իսկ սպիտակ էջերը՝ գալիքի: Հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից դարերից եկող ու դեպի դարերը գնացող մեր ընդհանուր ճակատագիրը դեռևս առջևում է>>:
  Դինքը գլխավոր հարցն էր համարում այն, թե այսօր այդ սպիտակն ինչպես ենք պատրաստվում լցնել: Հարցադրումը հետևյալն է՝ հանդես գալ որպես մեծ ողբերգության պատասխանատուներ, թե՞ այդ սխալներից խրատվելով` պատմության էջերին քաղաքակիրթ հետքեր թողնել:
   Ըստ  Դինքի ԱՍԱԼԼԱ-ի գործողությունները, Կիպրոսի հարցը, քրդական շարժումը, ԼՂ հիմնախնդիրը եւ նման բոլոր խնդիրները նպաստեցին, որ հայերի հանդեպ մանավանդ մամուլով ու հեռուստատեսությամբ խիստ թշնամական վերաբերմունք ձեւավորվի: Մեր թերթը նախ եւ առաջ ստեղծվեց իբրեւ պաշտպանության մարմին",- ասում էր հայազգի մտավորականը եւ փորձում երկխոսություն սկսել թուրք ժողովրդի հետ: Ի տարբերություն մյուսների՝ նա համարձակվում էր հայոց Ցեղասպանության մասին բարձրաձայն խոսել՝ ապրելով Թուրքիայում: Իր գործունեությամբ Դինքը բազմաթիվ թշնամիներ էր ձեռք բերել Թուրքիայում: Նրա նկատմամբ առաջին սպառնալիքները Թուրքիայում հնչեցին, երբ նա համարձակություն ունեցավ "Ակօսում" հրապարակել, որ Աթաթուրքի դուստրը մայրական կողմից հայ է: Հրապարակամանը հետեւեցին բողոքի ակցիաներ խմբագրության մուտքի մոտ եւ միայն ոստիկանների միջամտությամբ էր հնարավոր լինում ցրել Թուրքիայի աջ ազգայնականների կազմակերպած ցույցերը: Այդ ամենը Հրանտ Դինքին չէր վախեցնում. "Այս հարցում իմ դիրքորոշումն անփոփոխ է: Ես գիտեմ, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, բայց ոչ ոքի չեմ կարող ասել, որ այն ընդունի կամ ճանաչի":
  Նա մեծ հույսեր չէր կապում նաեւ միջազգային հանրության կողմից 1915թ-ի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ. "Ես շատ լավ գիտեմ, որ աշխարհը տարիներ շարունակ այս հարցը Թուրքիայի դեմ որպես խաղաքարտ է օգտագործում: Դա տեսնելով՝ ասում եմ, որ աշխարհի ճանաչման կարիքը չունեմ: Եվ ես շատ հանգիստ եմ: Երկրորդ, եթե մեկը, որ պետք է ճանաչի եւ ընդունի ցեղասպանությունը, ապա դա Թուրքիան է: Թերեւս այս նպատակի համար եմ ես աշխատում, սակայն ես որեւէ պատրանք չունեմ: Եթե թուրքերը չպետք է քննարկեն եւ տեսնեն իրականությունը, ապա մեղքն իրենցն է: Ի վերջո, եթե Թուրքիան ուզում է ժողովրդավարական դառնալ, ապա պետք է սթափ նայի այս հարցին":
 2006թ-ին Հրանտ Դինքի նկատմամբ սպառնալիքներին փոխարինեցին հստակ գործողություններ: Թուրքիայի իշխանությունները քրեական գործ հարուցեցին նրա նկատմամբ՝ "թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով": Թուրքիայում այս հոդվածով քրեական գործ է հարուցվում բոլոր նրանց դեմ, ովքեր օգտագործում են "1915թ-ի ցեղասպանություն արտահայտությունը": Միջազգային հանրության ճնչումների արդյունքում Դինքը պայմանական ազատազրկման դատապարտվեց 6 ամիս ժամանակով:
 Հրանտ Դինքը համակիրներ ուներ նաեւ թուրքերի մեջ: "Թուրքիայում որոշակի փոփոխություն կա, առաջադիմական կեցվածք կա: Անձնական խոսակցությունների ժամանակ կարող ենք ցեղասպանության հարցն ազատ քննարկել, անգամ կգտնվեն մարդիկ, ովքեր ընդունում են ճշմարտությունը: Չկարծեք, թե Թուրքիայում միայն ամբոխավարություն է: Թուրքիայում նաեւ մտածող ու առաջադիմական մարդիկ կան: Ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր իմ դուռն էին եկել՝ եկել էին ինձ ոչնչացնելու համար, սակայն թուրքերի մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր իմ դուռն եկան՝ ինձ նրանցից պաշտպանելու համար":
   ՙՀայ-թուրքական սահմանի բացման հարցում ստամբուլահայ մտավորականի դիրքորոշումը հստակ էր: Նա չէր կիսում այն մարդկանց տեսակետները, որոնք մեծ վտանգ էին տեսնում սահմանի բացման դեպքում. "Սահմանի բացումը շատ կարեւոր է երկու ժողովուրդների մեջ ամրացած հոգեբանական, պատմական հիվանդությունից ազատվելու համար: Տնտեսական հարաբերություններից, առեւտրից շատ ավելի կարեւոր է այս հանգամանքը:Ես հետեւում էի հայաստանյան մամուլին եւ տեսա, որ կան մարդիկ, ովքեր մտավախություն ունեն եւ մեծ վտանգ են տեսնում սահմանի բացման մեջ: Այս առաջադիմական ժամանակներում նման վախ չպետք է ապրենք: Գլոբալ աշխարհի մեջ այդպիսի հարցադրումներն ինձ համար անհասկանալի են: Եթե Հայաստանը հիմա էլ տարված է նման հարցերով, ապա դա էլ լուրջ հոգեբանական բարդույթ է":
 Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանն ուղղված Թուրքիայի ջանքերին, ապա Հրանտ Դինքն ասում էր. "Իմ ցանկությունն է Թուրքիան տեսնել Եվրամիության մեջ: Ես համոզված եմ, որ Թուրքիան ժողովրդավարական լինելով պետք է ճանաչի 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը: Չեմ կարծում, որ Թուրքիան, Հայոց ցեղասպանությունն ընդունելով, կդառնա ժողովրդավար: Հակառակ դեպքում 1915թ.-ը ոչ ժողովրդավար Թուրքիայի կողմից ճանաչվելը քիչ բան կտա հայերիս: Մեծ տերությունների ճնշումով Թուրքիան մի օր կճանաչի, բայց դա թուրքերի մտածողության մեջ շատ բան չի փոխի: Եթե պատմության մեջ նորից ինչ-որ բան տեղի ունենա, ապա թուրքերը նորից առիթ կգտնեն հայերին վատություն անելու համար: Եթե Թուրքիան մի օր պետք է Եվրամիություն մտնի, ապա այդ օր Թուրքիայում ցեղասպանության հարցն արդեն պետք է լուծված լինի":
 Հրանտ Դինքին խիստ մտահոգում էր նաեւ Հայաստանի ճակատագիրը, հատկապես արտաքին քաղաքականության ոլորոտում որդեգրած ուղենիշը: "Ինձ համար աշխարհի ու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից շատ ավելի կարեւոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը: Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր: Եվ մի փափագ ես ունեմ. եթե Հայաստանի իշխանություններն ուզում են Հայոց աշխարհն ամուր պահել, արտասահմանում գտնվող մեր հայրենակիցներին դեպի Հայաստան բերել ու կապել երկրին, ապա շատ կարեւոր է սփյուռքի նախարարության ստեղծումը: Սփյուռքի որեւէ անհատ չպետք է անտեսվի: Այն աշխատանքը, որը տանում է ՀՀ ԱԳ-ն, քիչ է եւ ոչ բավարար",- ցավով նկատում էր "Ակօս" թերթի գլխավոր խմբագիր, հայազգի մտավորական Հրանտ Դինքը:
   Դինքը սպանվեց 2007 թվականին հունվարի 19-ին, ՙԱկօսՙ-ի խմբագրատան առաջ, գլխին արձակված 3 հրազենային կրակոցից: Ստամբուլի քրեական դատարանի վճռի համաձայն՝ հանցագործության կազմակերպիչը՝ Յասին Հայալը, դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ կրակողը՝ Օգյուն Սամասթը, ավելի վաղ դատապարտվել էր մոտ 23 տարվա ազատազրկման:

հեղ.՝ Ա.Շահինյան






No comments:

Post a Comment