1915


                 1.5 միլիոն հայերի սպանդը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Փորձագետների և վերլուծաբաննների կարծիքով, որ եթե ժամանակին միջազգային հանրությունը դատապարտեր այդ ոճրագործությունը, ապա հնարավոր կլիներ խուսափել 20-րդ դարի մյուս ցեղասպանություններից: Հայասպանության իրականացման ողջ ընթացքում այն ժամանակների գերտերությունները չմիջամտեցին և չկանխեցին թուրքերի հանցագործությունը, իսկ թուրքերը մինչև այսօր շարունակում են ժխտողականության քաղաքականությունը: Հայերի ցեղասպանությունից անցել է 97 տարի, սակայն աշխարհի շատ երկրներ մինչև այսօր խուսափում են պաշտոնապես ճանաչել այդ ոճրագործությունը: Տարբեր պետություններում ցեղասպանության ճանաչման գործընթացների մասին սկսում են խոսել ոճրագործության տարելիցի օրերին, կամ այն ժամանակ, երբ պետք է լինում քաղաքական հաշիվ մաքրել Թուրքիայի հետ:
   Ցեղասպանության դատապարտման առումով ամենաաղմկահարույց իրադարձությունները տեղի ունեցան թերևս վերջին մեկ տարվա ընթացքում. Ֆրանսիայի սենատը ընդունեց Հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Աշխարհի ամենաազդեցիկ պետություններից մեկի նման քայլը մեծ արձագանք ունեցավ և լայնամաշտաբ քննադատվեց թուրքերի կողմից: Այս մեկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանոության միջազգային ճանաչման գործընթացը ընթանում է առաջ, և Թուրքիան որքան էլ ջանքեր գործադրի ի վիճակի չէ կասեցնել այդ ընթացքը: Սենատի ընդունած օրենքը սակայն չհասցրեց ուժ ստանալ և կիրառվել: Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը կասեցրեց օրենքի վավերացումը, սակայն փորձագետները Ֆրանսիայի սենատի քայլը լուրջ տեղաշարժ են համարում ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Նրանց կարծիքով վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ աշխարհի համար վաղ թե ուշ քաղաքական շահը կդառնա երկրորդական, և պետությունները կընդունեն 1915 թվականի ոճրագործությունը: Բնականաբար աշխարհի մի շարք պետությունների առաջնորդներին քաղաքական շահը չի թողնի բարձրաձայնել այդ ոճրագործությունը, սակայն նրանց հոգում քաղաքական շահն արդեն անզոր կգտնվի մարդկային խղճի նկատմամբ:
                  Թուրքիան շարունակում է պնդել, որ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել, և որ հայերի կոտորածները չեն կրել պետականորեն կազմակերպված բնույթ: Սակայն դա լոկ պաշտոնական Թուրքիայի կարծիքն է,որը բազմիցս քննադատվել է ճանաչված պատմաբանների և ցեղասպանության մասնագետների ճնշող մեծամասնության կողմից որպես զուտ քաղաքականորեն պատճառաբանված կեղծ պատմագիտական թեզ:
Հայոց ցեղասպանության ժխտումը նոր հնարավորություններ է ընձեռում մարդկության դեմ ապագայում նորանոր ոճիրների իրականացման համար, ուստի հայության և համայն առաջադեմ մարդկության առջև ծառանում է Հայոց ցեղասպանության ժխտումը կանխելու և թույլ չտալու խնդիրը: Թուրքական կառավարության հիմնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում կայանում է նրանում, որ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի են ունեցել տեղահանություններ, եղել են նաև բազմաթիվ զոհեր այդ տեղահանությունների ժամանակ թե հայկական և թե թուրքական բնակչության մեջ, սակայն ծրագրված ցեղասպանություն որպես այդպիսին չի եղել:
           Այսպիսով՝ թուրքական պետական հայեցակարգը մերժում է ցեղասպանության բուն իսկ փաստը, դրա նախապես ծրագրավորված կանխատեսված բնույթը:
            Հայ-թուրքական հարաբերությունների հետագան կախված է նրանից, թե արդյոք թուրք ժողովուրդն իր մեջ ուժ և համարձակություն կգտնի դատապարտելու մարդկության դեմ ուղղված մեծագույն ոճրագործություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը: Սակայն Թուրքիայի ժամանակակից վարչակարգի գործելակերպը, պետական ու քաղաքական գործիչների հայտարարությունները վկայում են, որ թուրք ժողովրդի այսօրվա սերունդը պատրաստ չէ նման խիզախ քայլի:
       Հիտլերյան վարչակարգի կողմից կատարված հանցագործությունները դատապարտվեցին համաշխարհային հասարակության և գերմանական ժողովրդի կողմից, սակայն նույնը չի կարելի ասել Հայող ցեղասպանության մասին, թեպետ հայերի կոտորածն ու բռնագաղթն տարբերվում էր հրեաների ֆիզիկական ոչնչացումից, որովհետև հայերինը իր հայրենիքում ապրող ժողովրդի ցեղասպանությունն էր:
  Վերջին տարիներին ցեղասպանության ճանաչման և դտապարտման գործընթացը բավական ակտիվ առաջընթաց է գրանցել, սակայն Թուրքիայի տեսակետը շարունակում է մնալ ժխտողական, այնուամենայնիվ թուրքական հասարակության որոշակի զանգվածներ սկսում են ճշմարտությունն իմանալ ցեղասպանության մասին և հասկանալով, թե ինչպիսի ոճրագործություն է տեղի ունեցել հայերի նկատմամբ Օսմանյան կայսրությունում, սկսում են դատապարտել այն:
  Վերջին տասնամյակներում լուրջ քայլեր են կատարվում  Հայոց ցեղասպանության համընդհանուր  ճանաչման ուղղությամբ: Դրան նպաստեցին մի շարք այլ գործոններ, առաջին` 1965թ. ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի  մի շարք երկրներում լայնորեն նշվեց Մեծ եղեռնի 50-ամյակըերկրորդ` ԱՍԱԼԱ-ի  և սփյուռքահայ ընդհատակյա  այլ կազմակերպությունների զինական գործողությունները, երրորդ` Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և այլուր գործող մարդու իրավապաշտական կազմակերպությունների աճող ճնշումը կառավարությունների վրա` հայերի  ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Այս բոլորը տվեցին իրենց դրական արդյունքը. Միջազգային շատ հեղինակավոր կազմակերպություններ, պետական պաշտոնական շրջանակներ սկասեցին քննարկել Հայոց ցեղասպանության դատապարտման խնդիրը:
       1965թ. Հելսինկիում կայացած  խաղաղության համաշխարհային վեհաժողովի երկրորդ ենթահանձնաժողովը, ապա վեհաժողովի եզրափակիչ նիստը միաձայն ընդունեց բանաձև, որով ճանաչվում և դատապարտվում էր 1915թ. Հայոց ցեղասպանությունը:
 1973թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը հանձնարարեց <<Փոքրամասնությունների խտրականության կանխման և պաշտպանության>> ենթահանձնաժողովին` ուսումնասիրել հայերի 1915թ ջարդերը, որպես ցեղասպանություն որակելու հարց: 1984թ. ապրիլի 13-16-ը Փարիզում հրավիրված ժողովուրդների մշտական ատյանը իր նիստերից մեկում անդրադարձավ հայերի ցեղասպանության խնդրին:
            1987թ. հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունեց <<Հայկական հարցի քաղաքական լուծման մասին>> բանաձևը, որի 2-րդ կետում ասված էր. <<Օսմանյան կայսրության մեջ հայ բնակչության հանդեպ 1915-1917թվականներին գործադրված ողբերգական իրադարձությունները համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին կոնվեկցիայի, հանդիսանում է ցեղասպանություն>>:
   Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր 1983թ., ապա 1989 թ. մայիսի համաժողովներում ընդունեց բանաձևեր հայերի ցեղասպանության մասին: Ընդ որում, 1989թ. համաժողովի բանաձևում ճանաչվում էր սփյուռքահայերի հայրենիք վերադառնալու իրավունքը:
         Աշխարհում հայտնի մի շարք ցեղասպանագետներ և գիտական լայն շրջանակներ 1915 թվականի իրադարձությունները որակում են որպես իրականում տեղի ունեցած, ազգի ոչնչացման նպատակով կանխամտածված գործողություններ, այսինքն՝ ցեղասպանություն: Բացի այդ, Եվրախորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեան և մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակահատվածներում ընդունած որոշումների համաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության պատմական իսկությունը: Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով՝ սկսած առանձին մտավորականներից մինչև պետությունների ղեկավարներն ու օրենսդիր մարմինները:
   Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությունը, մի կողմից, հանդիպում է որոշակի բարդությունների, իսկ մյուս կողմից` մշակում է ավելի քողարկված մեթոդներ, իր պայքարում ներառում է այլ ուժերի, ինչը պատմական ճշմարտության միջազգային ճանաչման ճանապարհին լրացուցիչ բարդություններ է ստեղծում Հայաստանի եւ հայության համար:
     Ցեղասպանության խնդրի շուրջ հայության ջանքերը ներկայումս չի կարելի դիտել լիարժեք գիտակցված, համակարգված և ուղղորդված, ինչը էական խոչընդոտ է ցանկալի արդյունքներ արձանագրելու ճանապարհին: Վերջնական նպատակ ունենալով Թուրքիայի կողմից փոխհատուցում ստանալը, այսօր հայության համար, սակայն, առավել ընկալելի և որոշակի է միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման օրակարգը: Դրա տակ հասկացվում և իրացվում են ճանաչման գործընթացներ օտարերկրյա պետություններում՝ օրենսդիր մարմինների, տեղական ինքնակառավարման օղակների, ոչ կառավարական կազմակերպությունների, գիտական և մշակութային հաստատությունների ու գործիչների մակարդակներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում:
   Յուրաքանչյուր սերունդ ունի իր ճակատագիրը, որը, սակայն, մեծ մասամբ պայմանավորված է այն բանով, թե ի՞նչ ժառանգություն է ստացվել նախորդ սերունդներից: Եվ յուրաքանչյուր սերնդի հնարավորությունները պայմանավորված են ստացված այդ ժառանգությունից և այն օգտագործելու ու զարգացնելու սեփական տաղանդից: Ցեղասպանության խնդրում վաղուց անհրաժեշտ է որդեգրել առավել համակարգված մոտեցումներ' չվատնելու հայոց ուժն ու մոտեցնելու Հայկական հարցի արդարացի լուծման օրը:

 հեղ.՝ Ա.Շահինյան